Ըստ էության, սպիտակ տարածությունը (whitespace), իր ամենահիմնական սահմանմամբ, կոմպոզիցիայի բոլոր տարրերի շուրջ և միջև եղած չզբաղեցված տարածությունն է: Դա չի հանդիսանում պարզապես էկրանի տարածքի վատնում, ինչպես կարծում են շատ կայքերի սեփականատերեր: Ճիշտ օգտագործման դեպքում սպիտակ տարածությունը կարող է իրական առավելություններ տալ արտադրանքն ավելի լավ առաջ մղելու համար: Այն լավ դիզայն ստեղծելու կարևոր բանալին է և կայքն ավելի լավն է դարձնում բոլոր առումներով:
Չնայած whitespace անվանումը ենթադրում է, որ տարածությունը սպիտակ է, այն միշտ չէ, որ պետք է բառացիորեն սպիտակ լինի: Սպիտակ տարածությունը կարող է լինել ցանկացած գույնի. այն կարող է նույնիսկ ունենալ նուրբ նախշ կամ տեքստուրա: Դա այն տարածքն է, որի վրա դուք չեք ցանկանում, որ հայացքը կենտրոնանա: Մեկ այլ կերպ այն անվանում են նեգատիվ տարածություն:
Այսպիսով, ինչո՞ւ է սպիտակ տարածությունը կարևոր:

Պատճառ #1. Բարելավում է ընթեռնելիությունը
Տողատակերի և պարբերությունների միջև եղած սպիտակ տարածությունն իրականում օգնում է մարդկանց հարմարավետորեն կարդալ կայքի ողջ բովանդակությունը: Ձեր կայքի մանր դետալների կարգավորումը (ինչպիսիք են տողամիջյան հեռավորությունը կամ տառամիջյան հեռավորությունը) կարող է հսկայական դեր ունենալ կարդալն ավելի հեշտ դարձնելու գործում:
Նպատակն է ստիպել մարդկանց ցանկանալ շարունակել ընթերցանությունը՝ նախագծելով աչքի համար հաճելի դասավորություններ:

Պատճառ #2. Արագացնում է փոխգործակցությունը
Եկեք անկեղծ լինենք. ձեր այցելուների մեծ մասը բավարար համբերություն չի ունենա կայքերը զննելիս մանրակրկիտ ուսումնասիրելու համար: Երբ կայքը գերբեռնված տեսք ունի, այն շեղում է օգտատերերին իրենց փնտրածը գտնելուց:
Սպիտակ տարածությունը պետք է օգնի ուղղորդել դիտողին էջով մեկ: Ուշադրության համար մրցակցող ավելի քիչ տարրերը գումարած սպիտակ տարածության ճիշտ օգտագործումը կարող են կանխել շեղող հանգամանքները, որոնք դանդաղեցնում են այցելուներին:

Պատճառ #3. Ուշադրությունը սևեռում է ճիշտ տարրերի վրա
Սպիտակ տարածությունը կարող է օգտատերերին տեսողական հուշումներ տալ այն մասին, թե որտեղ պետք է նայել: Ճիշտ կերպով օգտագործվելու դեպքում սպիտակ տարածություններն օգնում են ընդգծել տեղեկատվությունը և ուշադրություն հրավիրել ձեր կայքի որոշակի հատվածի վրա:
Հիշե՛ք, եթե ամեն ինչ աչքի է զարնում, ոչինչ աչքի չի զարնում:

Պատճառ #4. Առաջին տպավորությունը կարևոր է
Կայքի տեսքն ու զգացողությունը լավ առաջին տպավորության հիմնական գրավականն են: Լավ առաջին տպավորությունը հաճախ հանգեցնում է այցելության ավելի երկար տևողության: Չափազանց քիչ սպիտակ տարածությունը կարող է ձեր կայքը դարձնել էժանագին և ոչ վստահելի տեսքով: Այցելուները կայքը կամ բրենդը չեն համարի վստահելի, քանի դեռ այն գրավիչ տեսք չունի: Բավարար քանակությամբ սպիտակ տարածություն ունենալն օգնում է ստեղծել ճիշտ տրամադրություն ձեր կայքի համար: Սպիտակ տարածությունը կարող է միջոց լինել հնարամտություն, թարմություն և երբեմն նրբագեղություն հաղորդելու համար:
Խորհուրդ. Ահա մի գաղափար, թե ինչպես դարձնել ձեր վեբ դիզայնը պարզ և ծանոթ.

Պատճառ #5. Օգնում է ստեղծել շնչելու տեղ և հավասարակշռություն
Հավասարակշռված դիզայնը չի նշանակում սիմետրիկ: Դիզայնի մեծ տարրը կարող է հավասարակշռվել մի քանի փոքրերով: Սպիտակ տարածություն ավելացնելը հիանալի միջոց է ձեր էջում տարբեր չափերի դիզայնի տարրերը հավասարակշռելու համար: Ստեղծեք սահունություն, որպեսզի օգտատերերի աչքերը չթափառեն ամբողջ էջով մեկ: Լավ դիզայնը պետք է կարողանա ուղղորդել օգտատիրոջը մի կետից մյուսը՝ առանց այցելուին շփոթեցնելու:
Եզրակացություն
Հաջորդ անգամ, երբ այցելեք որևէ կայք և նկատեք, որ բավականին երկար ժամանակ եք մնացել այնտեղ, մտածեք, թե ինչն է ձեզ ստիպել մնալ և կարդալ: Կարծո՞ւմ եք, որ տողամիջյան հեռավորությունը հոդվածն ավելի հեշտ ընթեռնելի՞ է դարձնում: Արդյո՞ք այդ փորձառությունը ձեզ մոտ կրկին վերադառնալու ցանկություն է առաջացնում: Դժվարացե՞լ եք գտնել նավիգացիան:
Ուշադրություն դարձրեք կայքում սպիտակ տարածության լավ կիրառմանը: Եթե կարծում եք, որ այն կարող է աշխատել նաև ձեր կայքում, սովորեք կիրառել և կառավարել, թե որքան տարածություն պետք է հատկացնեք ձեր տարրին, մինչև զգաք, որ փոխանցել եք ճիշտ տրամադրություն և ընթեռնելիություն՝ առանց զոհաբերելու այն «սահունությունը», որը ցանկանում եք ձեր կայքի համար:
Ցանկացած կայքի վերջնական նպատակը հաղորդակցությունն է: Տեսողական գրավչությունը ձեռք ձեռքի տված է ընթանում ձեր կայքի հաջողության հետ: